×

Արթուր Շահնազարեան. «Շարական Խազագրեալ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Երաժշտագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի «Շարական խազագրեալ» երաժշտագիտական հետազոտության, ձայնասկավառակը և նոտագիրքը հրատարակվել են 2013 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից:

Այն առաջին անգամ ներկայացնում և հնչեցնում է հայ խազագիր շարականը բնագրային ճշգրտությամբ:

-Սա աստվածային պարգև է: Դեռևս 1987թ. Արթուր Շահնազարյանը, գիտակցելով դա, նվիրվում է Կոմիտասի խազերի վերծանման կարևոր աշխատանքին: Խազերը նվեր են հայ ժողովրդին` շնորհիվ իրենց աստվածային նվիրումի, - «Շարական խազագրեալ» հրատարակության մասին խոսելով՝ նշել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Նարեկացի արվեստի միության հրատարակած բացառիկ այս հրատարակության մեջ երկդարյա դադարից հետո հայ խազագիր շարականն առաջին անգամ հնչում է իր բնագրային ճշգրտությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի անզուգական կատարմամբ, Ռոբերտ Մլքեյանի գեղարվեստական ղեկավարության և դիրիժորության ներքո:

Երկլեզու գրքույկի անգլերեն տեքստի թարգմանությունն արել է ամերիկահայ երաժշտագետ Վաչէ Պարսումեանը, ով նաև հայտնի կոմիտասագետ է ու թարգմանիչը Կոմիտասի երաժշտագիտական աշխատությունների անգլերեն հավաքածուի, որը լույս է տեսել 2001 թվականին ԱՄՆ-ում:
Ներկայացվող հրատարակությունը շրջադարձային ներդրում է հայ խազաբանության և երաժշտագիտության պատմության մեջ, քանի որ դարավոր ընդմիջումից հետո այն թերևս առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հետևողականորեն քննության է առնվում արդեն 17-18-րդ դդ. անընթեռնելի համարված հայ միջնադարյան հոգևոր երաժշտության գրանցման խազագրության համակարգը: Այդ համակարգի կիրառման առաջին վկայությունները հանդիպում են 9-րդ դարի աղբյուրներում, որին հաջորդած դարերում համակարգը զգալիորեն զարգանում, հարստանում և իր բարձրակետին է հասնում 12-ից 15-րդ դարերում` դառնալով հարյուրավոր ծիսամատյաններում, պատարագամատույցներում, ժամագրքերում, շարականոցներում, տասնյակ տաղարաններում ու գանձարաններում գրանցված եկեղեցիական դարավոր երաժշտությունը գրառելու միակ համակարգը: Սակայն խազերի հոծուցությունը, գիտության գաղտնի համարվելը և քչերին մատչելի լինելը խազագրության արվեստը դարձնում են ավելի ու ավելի անըմբռնելի` ի վերջո հանգեցնելով դրանց վերջնական անընթեռնելիությանը:

Խազերի կորուսյալ բանալին վերագտնելու փորձ է անում Կոմիտասը, ով քսան տարվա հետևողական ուսումնասիրությունների արդյունքում ի վերջո կարողանում է կարդալ խազավոր պարզ եղանակները: Բայց վերահաս ցեղասպանության արդյունքում անհայտանում են նրա ձեռագրերի մի մասը, իսկ մնացյալ պահպանված ուսումնասիրությունները տարիներ շարունակ ճակատագրի չար կամքով նույնպես կորած են համարվում մինչև 1987 թվականը, երբ Արթուր Շահնազարյանը միանգամայն պատահաբար հայտնաբերում է դրանք Չարենցի անվան գրականության ինստիտուտի Կոմիտասի դիվանում, կատարում է գիտական ծավալուն ուսումնասիրություն և էապես զարգացնելով խազագիտությունը` ի վերջո ներկայացնում է պարզ խազերի վերծանությունը հինգհատորյա ծավալուն աշխատության տեսքով, որի հատորներից յուրաքանչյուրը համապատասխանաբար վերաբերվում են առոգանության, չափաբանության (տաղաչափություն), ձայնեղանակների, խազերի և նրանց նշանակության և, վերջապես, վերծանության հարցերին:

Գիտական այդ ստվարածավալ նյութի վրա է հիմնված ներկայացվող հրատարակությունը, որում ամփոփված տեսական նյութին զուգահեռ տրված է նաև միջնադարյան տասներկու շարականի վերծանություն: Համեմատության համար նաև ներկայացվում են նույն շարականների բանավոր պահպանված օրինակները` խմբերգային ու մեներգային տարբերակներով՝ ըստ Նիկողայոս Թաշճյանի՝ 19-րդ դարի գրանցմանը: Բոլոր շարականների խազավոր վերծանված բնօրինակները և բանավոր պահպանված օրինակները տպագրված են ժամանակակից նոտագրմամբ և հնչում են ներամփոփ Սաղմոսավանքում արված ձայնագրության մեջ: 36 կոպարից (թրեք) կազմված սկավառակում բոլոր տասներկու շարականները հնչում են երեքական կատարմամբ` խազավոր-խմբերգային, բանավոր պահպանված խմբերգային ու բանավոր պահպանված մեներգային: Զգալի են բնօրինակների ու բանավոր պահպանված տարբերակների միջև տարբերությունները, և ունկնդիրը, լսելով զուգադիր կատարումները, վստահաբար կորսա առաջինների գեղարվեստական արժեքի գերազանցությունը երկրորդների նկատմամբ:

Շարական խազագրեալը նաև առանձնանում է իր առինքնող ձևավորմամբ և կարող է զարդարել ամենահավակնոտ գրադարան ու ձայնադարան: Հրատարակության՝ մուգ շագանակագույն մագաղաթ հիշեցնող կազմի վրա խազավոր ձեռագիր է պատկերված, որը մասամբ երիզվում ու ծրարվում է կարծես ծխացող կաշեկազմով: Ձևավորման մտահղացման հեղինակն է նկարիչ-ձևավորող Սևան Նագգաշեանը, որի` հատուկ այս հրատարակության համար ստեղծած տառատեսակը զարդարում է գրքույկի շապիկը: Վերջինիս ձևավորումը համատեղ իրականացրել են նա և ձևավորող Վարանտ Գանդիլեանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։