×

Աննա Մայիլյան. «Գրիգոր Նարեկացի · Հոգևոր երգեր» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Խտասկավառակը պարունակում է Նարեկացու ինր ստեղծագործություններ՝ հայ հոգևոր երաժշտության ժամանակակից տաղանդաշատ կատարող Աննա Մայիլյանի կատարմամբ:

Երգչուհի, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը ծնվել է 1970թ. Երևանում: Ուսանել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ավարտել է նաև ասպիրանտուրան): Ուսանել է նաև Լեհաստանի, Ֆրանսիայի և Ռումինիայի ակադեմիաներում: Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է:
1996թ-ից մեներգում է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում:
1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում (2010թ.` դոցենտ):

2006թ. հիմնել և ղեկավարում է «Էթնո-վոկալ եռյակը»: Երգացանկը ներգրավում են եվրոպական հնագույն երաժշտության՝ գերմանացի, ֆրանսիացի, իտալացի և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև ժողովրդական և հոգևոր, դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

2003թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:

2008թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 10-րդ դարի հայ աստվածաբան, հանճարեղ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին ծնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղում՝ կրոնավոր և գիտնական Խոսրով Անձևացու ընտանիքում: Վաղ հասակում նա զրկվել է մորից, և հայրը Գրիգորին հանձնել է Նարեկավանք դպրության վանահայր և անվանի փիլիսոփա Անանիա Նարեկացու մոտ: Այստեղ Գրիգորը, ձեռք բերելով բազմակողմանի գիտելիքներ, օծվել է վարդապետ և իր հետագա գործունեությունը ծավալել Նարեկա վանքում: Նարեկացու մասին ստեղծվել են ավանդազրույցներ, որոնք պատմում են առաքինի և խոնարհ հոգևորականի, մեծագույն մարդասերի, սրբի մասին: Դրանք պատմում են Նարեկացու խոսքի և աղոթքի հրաշագործ ուժի մասին՝ անվանելով նրան «Աստվածային վարդապետ», «Ոսկեբերան ոսկեբերաններից»: Գրիգոր Նարեկացին վախճանվել է «Մատեան ողբերգութեան» աղոթագիրքն ավարտելուց հետո` 1003 թվականին, և թաղվել Նարեկա վանքում: Նրա գերեզմանը դարեր ի վեր եղել է սրբավայր և ուխտատեղի:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։