×

Սբ. Մ. Մաշտոցի 11 շարականներ. «ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Ձայնասկավառակն իր տեսակի մեջ առաջին հրատարակությունն է հայ իրականության մեջ, որը մեկ արտեֆակտի մեջ մեկտեղում է Մեսրոպ Մաշտոցից մեզ ժառանգություն հասած 11 շարականները՝ Վահան Արծրունու մեկնությամբ և Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ: Շարականները ներկայացված են թե՛ կանոնիկ միաձայն կատարմամբ և թե՛ դրանց բազմաձայնեցված արծրունիական վերընթերցմամբ /ընդհանուր` 22 թրեք/:

Մեսրոպ Մաշտոցն, ով ավելի շատ մեծարվում է գրերի հայտնության իր գյուտի համար, կանգնած է նաև հայկական մելոսի ստեղծման ու ձեւավորման գործընթացի ակունքներում իր հեղինակած շուրջ 130 չափածո գործերով, որ կաթողիկոս Ս. Պարթևի ստեղծագործած
շարականների հետ փոխադրվել են երաժշտական ձևի ու զետեղվել եկեղեցիական «Շարակնոցում»: Մաշտոց-պարթևյան շարականների հարուստ ժառանգությունը գրեթե չի պահպանվել: Կան տարբեր աղբյուրներում պահպանված 30 վիճելի շարականներ, որոնցից միայն 11-ն են, որոնց ինքնությունն այսօր հավաստի է ու անվիճելի, որոնք էլ դրված են այս ձայնասկավառակի առանցքում:

Վահան Արծրունին հայ պրոգրեսիվ երաժիշտ, կոմպոզիտոր է: Ստեղծագործում է տարբեր ոճերում` սկսած կամերային երաժշտությունից, վերջացրած ֆոլկ – ռոքով, էլեկտրոնային երաժշտությունից մինչև սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտություն: Հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նա նաև գրում է երաժշտություն ֆիլմերի, թատրոնի և կերպարվեստի ցուցահանդեսների համար:

Հասմիկ Բաղդասարյանը օժտված է բացառիկ արտահայտիչ ձայնով, որն արտաբերում է հայ հոգևոր երգեցողության գունեղ նրբերանգները: Նա ազգային կամերային երգչախմբի և ՙԼույս՚ վոկալ հնգյակի մեներգչուհին է: Երգչուհին բազմաթիվ համերգաշարերով ներկայացնում է հայ հոգևոր և դասական երգարվեստը Հայաստանում և տարբեր երկրներում:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։