Գրիգոր Առաքելյան. «Գոհար վարդն» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
Գրիգոր Առաքելյանի «Գոհար վարդն» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին. հրատարակությունը պատրաստվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից: Այն պարունակում է հայ միջնադարյան հոգևոր երաժշտություն և գեղջկական երգերի կոմիտասյան մշակումներ:
Կոմպոզիտոր, դիրիժոր, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, ստեղծագործելով բացառապես կոմիտասյան երաժշտական լեզվամտածողությամբ, առաջնորդվելով հին հայկական երաժշտական համակարգով, ստեղծել է բազմաթիվ մշակումներ և ստեղծագործություններ երգչախմբի, ժողովրդական և դասական նվագարանների համար:
1993թ. հայ անվանի վինագործ Մարտին Երիցյանի օգնությամբ ստեղծել է հայ նվագարանի մի նոր տեսակ ՝ թավ քեմանի կամ հայկական վիոլա, որն ունի հայ հոգևոր երաժշտությանը բնորոշ ինքնատիպ հնչողություն: Այս նվագարանով աշխարհի հայտնի բեմերում հնչել են մեր միջնադարյան երաժշտության այնպիսի գոհարներ, ինչպիսիք են Նարեկացու «Գոհար վարդն» և «Աչքն ծով» տաղերի մշակումները,Մաշտոցի ապաշխարության սաղմոսները և այլն:
2005 թվականին նա ղեկավարել է Օշականի Ս. Մեսրոբ Մաշտոց եկեղեցու երգչախումբը, որի հիման վրա ֆրանսիահայ պրոդյուսեր Ռօժէ Փիրանյանի առաջարկությամբ հիմնել է հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթը, որը մեծ ճանաչում է ստացել Եվրոպայի հնագույն երաժշտության սիրահարների շրջանակներում՝ ունենալով բացառիկ ելույթներ Փարիզի «Radio France» – ում, Մոնակոյի կենտրոնական տաճարում, Մարսելի «La Majeur» տաճարի բացմանը:
Ստեղծել է նաև «Օշական» տրիոն, որն իր «Հայաստանի դրախտի պարտեզ» երգացանկով հանդես է եկել աշխարհում հայտնի Կվեբեկի միջազգային հեգևոր փառատոնում, Ֆրանսիայի Thoronet և Pontoise բարոկո երաժշտության փառատոներում և բազմաթիվ այլ հայտնի բեմերում:
2013թ. սեպտեմբերի 21-ին Մոնրեալում հանդես է եկել «Կոմիտաս և հայ միջնադարյան երաժշտություն» ծրագրով, Կանադայում՝ հայտնի VivaVoce երգչախմբի հետ՝ ներկայանալով որպես կոմպոզիտոր և մենակատար:
Ձայնասկավառակը պարունակում է հայերեն և անգլերեն տեղեկատվական գրքույկ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։