Աշոտ Պետրոսյան. «Սուրբ Գրիգոր Նարեկացի · Ապարանքի Սուրբ Խաչի պատմությունը» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
Աշոտ Պետրոսյանի «Սուրբ Գրիգոր Նարեկացի. Պատմություն Ապարանից Ս. Խաչին» գիրքը պարունակում է Գրիգոր Նարեկացու «Ապարանքի Սուրբ Խաչի պատմությունը» երկի՝ արդի հայերենով փոխադրված և բնագիր մասեր: Գրքում զետեղված են նաև Նարեկացու երկի վերաբերյալ այլ հեղինակների մեկնություններ, ինչպես նաև Վան-Վասպուրականի վանքերին նվիրված ուսումնասիրություններից հատվածներ:
Գրիգոր Նարեկացի. 10-րդ դարի հայ աստվածաբան, հանճարեղ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին ծնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղում՝ կրոնավոր և գիտնական Խոսրով Անձևացու ընտանիքում: Վաղ հասակում նա զրկվել է մորից, և հայրը Գրիգորին հանձնել է Նարեկավանք դպրության վանահայր և անվանի փիլիսոփա Անանիա Նարեկացու մոտ: Այստեղ Գրիգորը, ձեռք բերելով բազմակողմանի գիտելիքներ, օծվել է վարդապետ և իր հետագա գործունեությունը ծավալել Նարեկա վանքում:
Նարեկացու մասին ստեղծվել են ավանդազրույցներ, որոնք պատմում են առաքինի և խոնարհ հոգևորականի, մեծագույն մարդասերի, սրբի մասին: Դրանք պատմում են Նարեկացու խոսքի և աղոթքի հրաշագործ ուժի մասին՝ անվանելով նրան «Աստվածային վարդապետ», «Ոսկեբերան ոսկեբերաններից»:
Գրիգոր Նարեկացին վախճանվել է «Մատեան ողբերգութեան» աղոթագիրքն ավարտելուց հետո` 1003 թվականին, և թաղվել Նարեկա վանքում: Նրա գերեզմանը դարեր ի վեր եղել է սրբավայր և ուխտատեղի:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։